Ինչից է կախված դատավորի անկախությունը
Հոդված 163. Դատարանները

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ վարչական դատարանը:

Oրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:
ՀՀ Սահմանադրություն
Այս բոլոր դատարանների դատավորների ընտրությանը մասնակցում է Ազգային ժողովը՝ ուղիղ ընտրությամբ կամ միջնորդավորված՝ դատարանների եւ դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի միջոցով:

Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամներից 5-ին ևս ընտրում է Ազգային ժողովը:

Ընտրության այս մեխանիզմը ենթադրում է, որ օրենսդիր իշխանություն ընտրող հասարակությունը անուղղակիորեն մասնակցում է նաև դատական իշխանության ձևավորմանը, բայց չի վստահում դրա անկախությանը:
Ովքեր են դատողները
Երևան
64
Մարզեր
74
Վերաքննիչ
41
Մասնա-
գիտացված
22
Վճռաբեկ
16
Հայաստանում 214 դատավոր կա:
Տարեկան նրանք հազարավոր գործեր են քննում:

Ինչու դատարանները
անկախ չեն
Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ՝ դատարանների անկախությունը կախված է նրանից, թե ով է նշանակում դատավորներին:
«95-ին ընդունված Սահմանադրությամբ իշխանության տարանջատում, գործադիրից անկախ դատական իշխանութուն չի եղել: Մենք դե յուրե չենք ունեցել իշխանության տարանջատում նաև 2005-ի Սահմանադրությամբ:

2015-ին վիճակը օրենսդրորեն շտկվեց, դատավորները ընտրվում են 3/5-րդով, բայց վերջին ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում մեծամասնություն կազմեց ՀՀԿ-ն, այսինքն, ընտրությունը կախված է մեկ քաղաքական ուժից»:
Ինչպես փոխել դատական համակարգը
Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով դատական համակարգը կփոխվի, եթե փոխվեն դատավորները:
«Դատական համակարգը կոռուպցիայի մետաստազների մեջ է: Ես չեմ հանդիպել մի պաշտոնյայի, որը կոռումպացված լինի, բայց հետո, ինչ-որ իրադարձության արդյունքում, դադարի կոռումպացված լինել: Ես գիտակցում եմ, որ այդքան ռեսուրս չկա, բայց ելքը դատավորներին փոխելն է: Եթե դատավորները չփոխվեն, դատական համակարգում ոչինչ չի փոխվի»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և փաստաբան Հայկ Ալումյանը «Թեմա» հաղորդաշարի տաղավարում խոսել են դատավորի ու դատարանների անկախության, քաղաքական պատվերով և հանրային ճնշմամբ
կայացվող դատավճիռների մասին:
Նախկին դատավոր չի լինում
Էդվարդ Մանուկյանը 33 տարի աշխատել է արդարադատության համակարգում: Եղել է փաստաբան,
դատախազի օգնական, դատավոր, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ: Այսօր թոշակի է անցել,
բայց հետևում է ոլորտի անցուդարձին, օրենսդրական փոփոխություններին:
«Ամոթ կլինի, եթե մի բան հարցնեն, չիմանամ կամ հին օրենքներով պատասխանեմ»
Աստված հեռու անիրավ դատավորից
Գեղարքունիքի մարզում 5 դատարան է գործում, դատավորները 8-ն են: Կա բուհ, որը կադրեր է պատրաստում արդարադատության համակարգի համար և ՀԿ, որն օգնում է քաղաքացիներին դատական ատյաններ դիմելիս:

Մարզկենտրոն Գավառի բնակիչները հուսով են, որ թավշյա հեղափոխությունից հետո դատարաններն ավելի արդար են դառնալու, դատավորներն էլ դատելու են մարդկանցից ամաչելով ու Աստծուց վախենալով:
«Ինձնից բռնազավթել են դատական իշխանությունը»
Մինչև 2004 թիվը Անահիտ Սաղաթելյանը դատավոր է աշխատել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում:
Աշխատանքից հեռացվել է պատճառաբանությամբ, թե օրենք է խախտել, չնայած գործով դատական ակտ կայացված չի եղել:
Դատավորը հաղթել է ՄԻԵԴ-ում ու դարձյալ պարտվել Հայաստանում
Մեկուկես տարի փորձել է նախագահի հրամանագիրը վիճարկել ներպետական դատական ատյաններում,
բայց ապարդյուն:

Դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 10 տարի անց Եվրադատարանը որոշել է, որ նախկին դատավորը զրկվել է իրեն աշխատանքից հեռացնելու մասին նախագահի հրամանագիրը Հայաստանի որևէ դատական ատյանում վիճարկելու հնարավորությունից, և Հայաստանի Հանրապետությունը նրան պետք է վճարի 4900 եվրոյին համարժեք տուգանք:
ՄԻԵԴ-ի վճռից հետո Անահիտ Սաղաթելյանը որոշել է վերականգնել արդար դատաքննության իր
իրավունքը: 2016-ին Վճռաբեկ դատարանը նրա հայցը բավարարել է, գործն ուղարկել վարչական
դատարան՝ ընդհանուր կարգով քննության:

Վարչական դատարանը օրերս մերժել է Անահիտ Սաղաթելյանի հայցը, բայց նա պատրաստ է շարունակել
պայքարը: Վստահ է, որ այս անգամ արդարության ավելի շուտ կհասնի. ասում է՝ գործը ՄԻԵԴ-ում արդեն
եփված է:
Եվրադատարանում է նաև Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աշխատանքից հեռացված մեկ այլ դատավորի՝ 2007-ին «Ռոյալ Արմենիա»-ի գործով մեղադրյալներին արդարացրած Պարգև Օհանյանի բողոքը։
Նա պատրաստվում է դիմել նաև նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինս փոփոխի կամ ուժը
կորցրած ճանաչի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը: Պարգև Օհանյանը ցանկանում է նորից դատավոր աշխատել:
2018 թվականի հուլիսի 20-ի դրությամբ հանրապետությունում առկա է դատավորի 9 թափուր հաստիք՝ 3- ը առաջին ատյանի, 5-ը՝ վերաքննիչ, 1-ը՝ Վճռաբեկ դատարաններում:
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda