Աղջիկներ՝ սիրելի, բայց չծնված
2012 թվականից հոկտեմբերի 11-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է աղջիկ երեխաների միջազգային օր:

Նպատակը՝ ավելի ուշադիր լինել այն խնդիրների նկատմամբ, որոնց բախվում են աղջիկները ողջ աշխարհում. սեռով պայմանավորված հղիության ընդհատումը (սելեկտիվ աբորտ) այդ խնդիրներից մեկն է:
|
«Տղու տղա՝ տան տղա, աղջկա տղա՝ շան տղա » , «Տղան տան ներսի պատն է, աղջիկը՝ դրսի » , «Քույրն ասում է եղբայր ունեմ, եղբայրն ասում է՝ քույր չունեմ». ժողովրդական բանահյուսությունից հայտնի այս ասույթները արտահայտում են հայկական միջավայրում դարերի ընթացքում ձևավորված վերաբերմունքը՝ տղա և աղջիկ երեխաների նկատմամբ:

Այդ վերաբերմունքից են ծնվել նաև -ուհի-ածանցով ու տղաների
անուններով կազմված իգական սեռի անձնանունները՝ Հրաչուհի, Արմենուհի, Ազատուհի, Սեյրանուհի, Հայկուհի….., նաև՝ Բավական: Հայկական ընտանիքներում ավանդաբար սպասված ու ցանկալի է տղա երեխան:
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները լայն տարածում ստացան,
երբ հնարավոր դարձավ բացահայտել պտղի սեռը՝ մինչև լույս աշխարհ գալը:
20-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացը «դյուրացրեց » տղա երեխա ունենալու ճանապարհը՝ ի հաշիվ աղջիկ երեխաների կյանքի:
Ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս իմանալ դեռևս չծնված երեխայի սեռը և ընդհատել հղիությունը, եթե տվյալ սեռի զավակը ցանկալի չէ. այդ սեռը, սովորաբար, լինում է իգականը:
|
2014 թվականին Հայաստանի կառավարությունն սկսում է մշակել, իսկ 2016-ին Ազգային ժողովն ընդունում է սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները արգելող օրենսդրական կարգավորումները:

Փոփոխություններ են կատարվում « Մարդու վերարտադրողական առողջության և
վերարտադրողականության իրավունքների » , և « Վարչական իրավախախտումների մասին » օրենքներում:
Օրինագծերն ընդունվում են գրեթե միաձայն՝ 102 կողմ՝ առանց դեմ-ի: Լինում է 1 ձեռնպահ՝ Խոսրով Հարությունյանը:

Փոփոխությունների քննարկումը տևում է հազիվ մեկ ժամ և անցնում բացառապես կին պատգամավորների մասնակցությամբ: Առողջապահության նախարարին տրվում է ընդամենը 2 հարց, հնչում է 3 ելույթ:
Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենք
Հոդված 10. Հղիության արհեստական ընդհատումը
2. Բժշկի կողմից բԺշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որեւէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչեւ 22 շաբաթական ընդհատումն արգելվում է:
Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի
պետ Գայանե Ավագյանն ասում է՝ օրենսդրական փոփոխություններից հետո պտղի սեռի պատճառով հղիությունը ընդհատելու դեպքերը նվազել են: 2017 թվականի ցուցանիշով 100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը չի հերքում, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեպքեր այսօր էլ են գրանցվում, բայց մեզ, ասում է՝ «գոհացնում է այն, որ թվերի լավ իջեցում ունենք» :
Մեր երկրում պատասխանատվությունը վարչական է:
Բժիշկը կարող է տուգանվել, եթե չի կատարել հղիության ընդհատումից առաջ և հետո նախատեսված անհրաժեշտ միջոցառումները, օրինակ, չի տրամադրել օրենքով սահմանված երեք օրը՝ արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար, չի տվել հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն կամ բժշկական փաստաթղթերում չի կատարել գրառում խորհրդատվություն տրամադրելու մասին:

Այս և օրենքով սահմանված մյուս խախտումների համար սահմանվում է տուգանք՝ 40 հազարից 100 հազար դրամի չափով:
Սելեկտիվ աբորտների օրենքով սահմանված արգելքը խախտելու համար Հնդկաստանում քրեական պատասխանատվություն է սահմանված:
Քանի բուժաշխատող է խախտել 2016 թվականին ընդունված օրենքը
Քանի բուժաշխատող է խախտել օրենքը ու ենթարկվել
վարչական տուգանքի՝ հայտնի չէ, բայց հայտնի են մարմինները, որոնք պետք է վերահսկեն այս ոլորտը: Դրանք թվարկել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը 2016 թվականի հունիսի 17-ին, Ազգային ժողովի ամբիոնից.

«Ինչ վերաբերում է վերահսկողությանը՝ պետք է հսկի առողջապահության պետական տեսչությունը, մոր եւ մանկան վարչությունը եւ ծննդատների ադմինիստրատիվ վարչական
պատասխանատուները...»
։
Հայաստանի Գեղարքունիքի մարզում ծնվող տղաների և աղջիկների հարաբերակցությունը 100/124 է:

Միջազգային մակարդակով սա համարվում է վատ, մտահոգող ցուցանիշ: Այսպիսի հարաբերակցություն
առկա է նաև Չինաստանում, Հնդկաստանում, որոնք սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թվով համարվում են առաջատար աշխարհում:
Գեղարքունքի մարզը Հայաստանում առաջատար է նաև արտագնա աշխատանքի մեկնողների թվով:

Բնակչության մեծ մասի համար սա է եկամուտի միակ աղբյուրը. արտագնա աշխատանքի մեկնողը ընտանիքի հայրն է կամ որդին, տունը պահողը՝ դարձյալ հայրը կամ որդին: Սա, ըստ մասնագետնեերի, տղա երեխայի դերը կարևորող և աղջկա դերը նվազեցնող հանգամանք է:
|
Ընդհանրապես, այն մարզերում, որոնք ավելի ավանդապահ են, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները ավելի մեծ թիվ են կազմում: Պատահական չէ, որ այս նույն մարզերում տարածված են նաև երեխաների նկատմամբ, ընտանեկան բռնության դեպքերը: Սա կնոջ դերը ցածր գնահատելու հետևանքներից է: Ծրագրի ընթացքում մենք միջանկյալ ուսումնասիրություն արեցինք ու փոփոխություններ նկատեցինք բոլոր հարցերում, բայց վարքագծային առումով փոփոխություններ գրեթե չկան:
Սևան Պետրոսյան
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար
2015-2016 թվականներին Գեղարքունիքում իրականացվել է հանրային իրազեկման Կյանքի իրավունք ծրագիրը: Բնակչությանը տեղեկացրել են սեռով պայմանավորված հղիությունն ընդհատելու հետևանքների մասին, ուսումնասիրել են իրավիճակը մարզում:
Պտղի սեռը հղիությունը ընդհատելու պատճառ է դառնում հատկապես սպասվող երրորդ և չորրոդ երեխայի դեպքում: 2015 թվականին Գեղարքունիքի մարզում ծնվել է ընտանիքի երրորդ երեխա 64 տղա և 42 աղջիկ, չորրորդ երեխա՝ 13 տղա, 5 աղջիկ:
Աղջիկներիս ոչ մի տղայի հետ չեմ փոխի
Սյուզաննա Մինասյանը Սևանի տարածաշրջանից է: 4 աղջիկ ունի: Ասում է՝ ինքն ու ամուսինը կուզեին նաև տղա ունենալ, բայց ոչ երբեք աղջիկներից մեկի կյանքի հաշվին:
«Առաջնեկս, երբ իմացանք պիտի աղջիկ ունենանք, դե, առաջինն էր, ուրախացանք: Երկրորդն էլ գիտեինք, որ աղջիկ է: Երրորդիս ժամանակ, ինձ ասում էին՝ եթե գիտես աղջիկ է, ինչի էս ունենում, մի հատ տղա ունեցիր: Ասեցի՝ չէ, ես մարդասպան չեմ: Չորրորդիս ավելի մեծ սիրով ենք ունեցել, ավելի մեծ շուքով ենք ընդունել, նոր առած օրորոցով, շորերով»:
2018թ-ի առաջին կիսամյակում Սևանի տարածաշրջանում ծնվել են 47 տղա, 56 աղջիկ, 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 88 տղա, 61 աղջիկ:
2018թ
2017թ
88
61
47
56
Աշխարհը սելեկտիվ աբորտների դեմ փորձում է պայքարել երեք ճանապարհով՝ օրենսդրական սահմանափակումներ, համագործակցություն մանկաբարձ-գինեկոլոգների հետ, բնակչության իրազեկում:

Այս ուղղություններով կատարվող աշխատանքները արդյունք տալիս են, բայց առավել մեծ արդյունավետության համար պահանջվում է շարունակականություն, մշտական ուշադրություն:
Առողջ բալիկ՝ անկախ սեռից
Ռոզա Մաճկալյան-մանկաբարձ-գինեկոլոգ. «Հայկական մտածելակերպ է՝ օջախի ծուխը պահողը, սերունդը շարունակողը որդին է, բայց այս կարևորությունը հաճախ դառնում է երկրորդական»:

Մանկաբարձ-գինեկոլոգ Ռոզա Մաճկալյանը հիշեցնում է, որ ամուսնական շատ զույգերի համար խնդիր է ոչ թե երեխայի սեռը, այլ երեխա ունենալը, ու նաև այս հանգամանքն է նպաստում, որ ծնողները մտածեն ոչ թե հատկապես տղա, այլ առողջ երեխա ունենալու մասին:
2016 թվականին Ալավերդու բժշկական կենտրոնում ծնվել է 187 տղա, 160 աղջիկ: 2017-ին 155 տղա,
145 աղջիկ: 2018-ը սկսվել է աղջիկների թվի աճով. մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում
Ալավերդիում ծնվել է 78 աղջիկ, 69 տղա:
2017թ
2016թ
187
160
155
145
2018թ
69
78
|
Մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ ապագա մայր, եթե սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի: Այս եզրահանգումը գիտնական Քրիստոֆ Գիլմոտոնն արել է Հայաստանում սեռերի անհամամասնության խնդիրն ուսումնասիրելու արդյունքում:
Փոխվե՞լ է այս թիվը 2016թ-ին սելեկտիվ աբորտները օրենքով արգելելուց հետո, հայտնի չէ. նոր ուսումնասիրորւթյուն այս մասով չի արվել, բայց կա ուսումնասիրություն, որն արձանագրում է, որ վերջին 6 տարվա ընթացքում փոխվել է հանրային կարծիքը՝ տղա երեխային նախապատվություն տալու հարցում:
2017թվականին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և ՀՀ կառավարության համագործակցությամբ պատրաստվել է մշտադիտարկման զեկույց՝ Հայաստանում երեխայի սեռի խտրական ընտրության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ:

Զեկույցն արձանագրում է, որ զգալիորեն նվազել է տղաներին տրվող նախապատվությունը:
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda