Ամուսնանալ թե՞ սովորել. եզդիների ավանդույթն ու 12-ամյա պարտադիր կրթությունը
Եզդիները Հայաստանում
շուրջ 40.000
Եզդիները Հայաստանի ամենամեծաթիվ ազգային փոքրամասնությունն են. շուրջ 40 հազար:
Նրանք շուտ են ամուսնանում, շատ զավակներ ունենում, բայց չեն ուզում, որ վաղ ամուսնությունները համարվեն եզդի ժողովրդի ազգային ավանդույթ:

Սա խնդիր է, որ վերաբերում է առաջին հերթին եզդի աղջիկներին ու նրանց կրթությանը: Եզդուհիները պիտի ընտրեն՝ կրթվել կամ ամուսնանալ: Վերջին տասնամյակում պատահում են նաև երկուսը միասին:
Շիրակի մարզի Ազատան գյուղի դպրոցում 13 եզդի աշակերտ է սովորում, իսկ գյուղում
ապրող եզդիների թիվը շուրջ 300:

Օրինաչություն կա. որքան դպրոցի դասարանները բարձրանում են, այնքան եզդի աշակերտուհիների թիվը նվազում է: Այսօր նրանք 2-ն են:
Եզդուհիները երբեմն իրենց կամքով, իսկ հաճախ՝ ծնողների որոշմամբ, հազիվ 9-ամյա կրթությունը ավարտած «կյանք են մտնում», ամուսնանում:
Ֆերիկը ամբողջությամբ եզդիաբնակ գյուղ է Արմավիրի մարզում: 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ ունի 310 բնակիչ. 164 տղամարդ, 146 կին:

Գյուղը անունն ստացել է ի պատիվ եզդի հեղափոխական Ֆերիկ Պոլատբեկովի:
Ավանդապահ Ֆերիկում, սակայն, ինչպես բոլոր գյուղերում, հեղափոխական փոփոխություններ տեղի չեն ունենում. նորը ընդունվում է դժվարությամբ: Ֆերիկցի եզդիները ասում են, թե ուզում են հրաժարվել իրենց ժողովրդին բնորոշ վաղ ամուսնություններից: Շուտ ամուսնացող ջահելների թիվը մի քիչ նվազել է, բայց միևնույն
է, վաղ ամուսնության ավանդույթը դեռ պահպանվում է.
Ֆերիկը՝ հեղափոխական ու ավանդական
«Ազգը պահելու խնդիր ենք ունեցել, դրա համար շուտ ենք ամուսնացրել, որ բազմանանք: Ամուսնացրել ենք, բայց միշտ անհանգստություն ենք ունեցել, որ հանկարծ իրավապահները դուռը չթակեն: Դե, երեխան որ ծնվում է, ծննդական պետք է հանել, տարբեր խնդիրներ են լինում»:

Ռուստամ Հասանյան
Ֆերիկի գյուղապետ
Հանդուրժող օրենք եզդիների համար
Հայաստանում, համաձայն Ընտանեկան օրենսգրքի, ամուսնության թույլատրելի շեմը կանանց և տղամարդկանց համար 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե կա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը:

Թույլատրելի է ամուսնությունը նաև 16 տարեկանում, եթե ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուն համաձայն են, իսկ ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Եզդիները, սակայն, սովորույթի ուժով իրենց աղջիկներին ամուսնացնում են 14-15
տարեկանում, հիմնականում 8-րդ դասարանը չավարտած: Ժողովուրդը սա համարում է վաղ ամուսնություն, իսկ օրենքը՝ (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 141) սեռական
հարաբերություն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ, ինչը պատժվում է տուգանքով՝
նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Վիճակագրություն, թե վաղ ամուսնության պատճառով քանի եզդի է պատասխանատվության
ենթարկվել, չկա:
«Վաղ ամուսնությունը մեր ցավն է ...»:
«Թեմա» հաղորդաշարի տաղավարում Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների ավագ խմբագիր Հասան Թամոյանը վստահեցնում էր, որ պատահում են պատասխանատվության ենթարկելու դեպքեր, բայց իրավապահ մարմինները, ընդհանուր առմամբ, եզդիների
շրջանում տարածված այս երևույթին հանդուրժողաբար են վերաբերվում՝ այն դիտարկելով որպես ազգային ավանդույթ, մինչդեռ վաղ ամուսնությունները, նրա խոսքով «եզդի ժողովրդի ցավոտ խնդիրն է, որը պետք է շտկել»:

Շտկել, Թամոյանն ասում է, կարելի է
կրթելով և մտավորականների աշխատանքով:
«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել Արագածոտնի և Արմավիրի մարզի եզդիաբնակ գյուղերում: Արագածոտնի Ճարճակիս համայնքում 2017-ի սեպտեմբերին դպրոց չի հաճախել 6 եզդի երեխա, 6-ն էլ տղա, Արմավիրի մարզի 5 եզդիաբնակ գյուղերում դպրոց չի հաճախել 32 եզդի երեխա.
Արտաշար
Դպրոց չի հաճախել 10
եզդի երեխա
Ֆերիկ
Դպրոց չի հաճախել 1
եզդի երեխա
Եղեգուտ
Դպրոց չի հաճախել 6
եզդի երեխա
Նալբանդյան
Դպրոց չի հաճախել 6
եզդի երեխա
Տանձուտ
Դպրոց չի հաճախել 9
եզդի երեխա
32-ից 19-ը աղջիկներ են: Այս աշակերտների մեծ մասը ավարտել է 9-ամյա կրթությունը և հրաժարվել 10-12-րդ դասարաններ հաճախելուց:

Զեմֆիրա Քալաշյան
«Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի անդամ
«Դպրոց չգնալը խնդիր է ոչ միայն աղջիկների համար: Ուղղակի ավելի շատ խոսվում է աղջիկների մասին, որովհետև տղաների դեպքում չկա վաղ ամուսնության հարց, վաղ ամուսնությունը խանգարում է աղջիկների կրթությանը: Մարզերում հազարավոր եզդիներ են ապրում, ու կարևոր է, որ գյուղերում բարձրանա կրթության որակը և մոտիվացիա լինի սովորելու, այլապես շատ հաճախ դա թվում է աննպատակ: Պետությունը պետք է վերահսկողություն իրականացնի»:
2017 թվականի սեպտեմբերի 1-ից, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի, 12-
ամյա կրթությունը Հայաստանում դարձավ պարտադիր:

Համապատասխան փոփոխությունը
օրենքում Ազգային ժողովը ընդունել էր 2014-2015 թվականներին: Նախագիծը առիթ
դարձավ, որ պատգամավորները խոսեն կրթական համակարգից ու կասկածեն, թե 12-ամյա կրթությունը կլուծի իր առջև դրված խնդիրը: Քննադատություններ հնչեցին, բայց
կառավարության առաջարկությունը ընդունվեց:
12-ամյա կրթություն. պարտադիր և ոչ այնքան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 178.
Ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության եւ ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի չափով:
Դպրոց չհաճախող երեխաների ծնողների համար օրենքը տուգանք է սահմանում, բայց այս դրույթը երբևէ չի կիրառվել: Որևէ ծնող՝ եզդի թե հայ, երեխայի դպրոց չհաճախելու համար չի տուգանվել ոչ 10, ոչ 30 հազար դրամով, անկախ հանգամանքից երեխան դպրոց չի գնում կոշիկ ու պայուսակ չունենալու թե՞ դպրոցական նստարանը թողնելու ու ամուսնանալու պատճառով:
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda