Գյուղ պահող կանայք
Ամուսինները մեկնում են՝ կանանց թողած ծնող, երեխա, հող, անասուն, գյուղ:
Հայաստանում կան բազմաթիվ գյուղեր, որոնք կանայք են պահում: Այս կանանց համար տարին 5 եղանակ ունի:

5-րդը խոպանի սեզոնն է, երբ ամուսիններն ու որդիները մեկնում են արտագնա աշխատանքի, հիմնականում Ռուսաստան, ու մնում այնտեղ ամիսներ, երբեմն էլ տարիներ շարունակ: Խոպանի սեզոնը տարվա ամենաերկար ձգվող հատվածն է:
Ծաղկաշենը գյուղ է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում: 2011 թվականին Հայաստանում
անցկացված վերջին մարդահամարի տվյալներով Ծաղկաշենում մշտական գրանցում ունեցողների թիվը 470 էր՝ 241 տղամարդ, 229 կին, իսկ հենց մարդահամարի անցկացման շրջանում գյուղում եղել է 414 բնակիչ. կանանց թիվը պակաս է եղել ընդամենը 1-ով՝ 228, տղամարդկանց թիվը 55-ով՝ 186:
Մշտական գրացում ունեցողներ
241
229
186
228
|
Առկա բնակիչների թիվ
կին
կին
տղամարդ
տղամարդ
Ծաղկաշենում աշխատանքի սեռային բաժանում չկա, որովհետև աշխատանքը կիսող տղամարդիկ էլ չկան:

Կանայք գլուխ են հանում հողի հետ կապված բոլոր գործերից. բացառությամբ, թերևս, տրակտոր վարելը: Ծաղկաշենի տրակտորիստն ասում է՝ փոխարինող ունենար, ինքն էլ գյուղից կգնար: Գյուղը դատարկվում է. սեպտեմբերի 1-ին ընդամենը 4 առաջին դասարանցի են ունեցել:
«Աշխատանքային միգրացիան նոր երևույթ չէ, բայց մեր օրերին բնորոշ է
անվերադարձ միգրացիան. գնում են աշխատելու ու չեն վերադառնում. մնում է ընտանիքը՝ կիսված կամ լքված»:
Միհրան Գալստյան
էթնո-սոցիոլոգ
|
Պարզելու համար, թե ինչպես են նոր իրողությունները անդրադառնում հայ ընտանիքի վրա՝ Հնագիտության և ազգագրության 4 գիտնական բազմաթիվ հետազոտություններ են կատարել, հարցումներ արել և աշխատանքի արդյունքը ներկայացրել Արդի հայ ընտանիքը փոխակերպվող հասարակությունում գրքում:
Գրքի հեղինակներից Միհրան Գալստյանն արձանագրում է՝ փոփոխվող հասարակությունում փոխվում է կնոջ և տղամարդու կարգավիճակը. կինը դառնում է ավելի նախաձեռնող, և այս նախաձեռնողականությունը դուրս է գալիս ընտանիքից, դառնում համայնքային: Գյուղերում, ասում է, խախտվում են դարերով ձևավորված ավանդույթները: Ընդունված է, որ թաղման ծեսին առավելապես տղամարդիկ են մասնակցում,
այսօր պատկերը փոխվել է. ընտանիքի կողմից այսպիսի արարողություններին մասնակցում են
հիմնականում կանայք:
|
«Պապաների կարոտով կմեծնան երեխեքը, նորմալ չեն ճանաչում իրենց պապաներին, մե երկու ամիս կտեսնին, մինչեւ կճանչեն, նորից կերթան: Ջահելությունը կանցնի, դժվար է, երիտասարդությունը կանցնի, իրարից բաժան կապրինք»:
Նելլի Թորոսյանը ապրում է Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում:
Գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվում է սկեսուրը, երեխաների դաստիարակությամբ՝ ինքը. ամուսինը դրսում է:

Երեխաների դաստիարակությանը ամուսինն էլ է մասնակցում, բայց հեռվից՝ տեսակապով կամ հեռախոսով: Այսպես հեռվից հայրերը աղջիկներ են նշանում ու որդիներ ճանապարհում բանակ:
Հայաստանում 82 հազար քաղաքացի աշխատանք է փնտրում, նրանցից 67 հազարը ունի գործազուրկի կարգավիճակ: Աշխատանք չունեցողների 60-70 տոկոսը կանայք են:
Զբաղվածության պետական կոմիտեն համագործակցում է գործատու կազմակերպությունների հետ և
փորձում աշխատատեղեր գտնել և արտագնա աշխատանքի մեկնողների համար, որպեսզի նրանք երկրից
չհեռանան, և երկրում մնացողների համար. ակնառու արդյունք առայժմ չկա:

|
Գործակալությունը մարզային կառույցներից պարբերաբար տեղեկատվություն է ստանում գյուղերում թափուր աշխատատեղերի մասին. բժշկի ու մանկավարժի թափուր աշխատատեղեր շատ կան, բայց հատկապես առողջապահական հիմնարկներում պայմանները հրապուրիչ չեն, ու թափուր տեղերը զբաղեցնողներ չեն գտնվում:

Հասմիկ Թադևոսյան
Զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ
«Գյուղատնտեսական աշխատանքներում կանանց զբաղվածությունը ավելի մեծ է, քան տղամարդկանցը: Պատճառը պարզ է՝ տղամարդիկ գործ են փնտրում դրսում: Ելքը գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծումն, բիզնեսի խթանումը, բայց մենք գիտենք, որ գյուղերում ապրող կանայք այս հարցում պասիվ են, նախաձեռնողականություն հանդես չեն բերում»:
«Կան կազմակերպություններ, որոնք փոքրիկ դրամաշնորհներ են հատկացնում ու որոշ գյուղերում ստեղծում են հյուրատնային բիզնես, բայց սա չի կարող բոլոր մարզերում կամ գյուղերում գործել: Կարելի է ստեղծել կարի փոքրիկ արտադրամաս, բրդի թելի մշակման հետ կապված աշխատատեղեր, գյուղում ապրող կանայք պատրաստ են նման աշխատանք կատարել, բայց նախ պետք է գույքագրում անել ու հասկանալ՝ ոչ գյուղատնտեսական ինչ աշխատավայրեր են մնացել մարզերում դեռ խորհրդային ժամանակներից. գուցե կարելի է դրանք վեագործարկել ու մարդկանց համար աշխատելու հնարավորություն ստեղծել»:

Տաթևիկ Բեժանյան
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի մոնիթորինգի գնահատման
մասնագետ
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda