Մասնագիտությունը սեռ ունի՞
2013 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը:

Օրենքը սահմանում է, որ կանայք և տղամարդիկ հանրային ծառայության ընդունվելու և մասնագիտական գործունեություն իրականացնելու համար ունեն հավասար իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն և հավասար հնարավորություններ:
Մասնագիտություն ընտրելիս հավասար պայմանների ապահովում օրենքը չի երաշխավորում, այս հարցում սեռով պայմանավորված օրենսդրական սահմանափակումներ ևս չկան, բայց կան մասնագիտություններ, որոնք, հանրային ընկալմամբ, վայել են կանանց, և մասնագիտություններ, որոնցով լավ է, որ զբաղվեն հատկապես տղամարդիկ:

Ինչո՞ւ են ոստիկան ու զինվորական դառնում տղամարդիկ, իսկ մանկավարժ և բուժակ՝ կանայք. պատճառները հոգեբանակա՞ն են, սոցիալա՞կան թե՞ ազգային-ավանդական:
«Եթե կինը որոշում է դառնալ զինվորական, չեն մտածում՝ ինչու, ինչպես կարելի է, բայց շատ դժվար է պատկերացնել, որ որևէ տղամարդ կգնա մանկապարտեղ ու կզբաղվի երեխաների դաստիարակությամբ, եթե անգամ նրան շատ բարձր աշխատավարձ առաջարկվի»:
Սիրինա Առաքելյան
ՀՊՄՀ-ի կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս
Հոգեբանի դիտարկմամբ՝ պատրիարխալ հասարակությունում կանանց որևէ կերպ նմանվելը խրախուսելի չէ: «Կանացի» մասնագիտություն ընտրող արական սեռը ավելի հաճախ է կարծրատիպային մտածողության բախվում, քան կինը, որն ընտրում է տղամարդու մասնագիտություն:
Միջին մասնագիտական կրթության համակարգում աղջիկները 50%-ից մի փոքր ավելին են:

Բուժքույրություն, դիմահարդարում, վարսավիրություն. այս մասնագիտությունները
ընտրում են հիմնականում աղջիկները, մեծ ներգրավվածություն կա նաև սպասարկման
ոլորտում՝ հյուրանոցային սպասարկում, մենեջմենթ, տուրիզմ: Վերջին 4-5 տարվա կտրվածքով
շեղումներ չկան:
Կոտրելով կարծրատիպերը
Ուսումնական հաստատությունները, բաժինները, որտեղ պատրաստում են բուժակներ, հանրությունը կոչում է ընդհանուր՝ «քույրական» բառով, թեպետ այս մասնագիտությունը ունի հստակ սեռային բաժանում՝ բուժքույր և բուժեղբայր:

Պատճառը հայտնի է՝ բուժական գործ բաժնում սովորում են հիմնականում աղջիկներ: Գյումրու պետական քոլեջում, օրինակ, բուժական գործում մասնագիտանում են 265 աղջիկ և ընդամենը 47 տղա: 47 տղաների ճնշող մեծամասնությունը դառնալու են դեղագործներ ու ատամնատեխնիկներ, բուժեղբոր մասնագիտությամբ կաշխատեն բացառիկները:
Գրիգորը կուրսի միակ տղան է: Որոշել է դառնալ բուժեղբայր՝ շրջանցելով կարծարտիպային այն մտածողությունը՝ թե սա «աղջկա գործ» է: Տարակուսում է՝ բայց ո՞վ է որոշել:
Մանկավարժությունը՝ «կանացի» մասնագիտություն
Երևան
5332
Լոռի
2284
Վայոց ձոր
627
2017-2018 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ատեստավորված ուսուցիչների թիվը 20 372 է, նրանցից 17 840-ը կանայք են:

Երևանի դպրոցներում աշխատում է 5332 ատեստավորված ուսուցիչ. 4 989-ը կանայք են:
Հանրապետության մարզերից ուսուցիչների ամենափոքր թիվը Վայոց ձորի մարզում է՝ 627 ուսուցիչ, 498-ը՝ կանայք:
Ամենամեծ թիվը Լոռու մարզում է՝ 2284 ուսուցիչ, 1989-ը՝ կանայք:
4989 կին
1989 կին
498 կին
ՀՀ-ում միջնակարգ կրթության ծրագրով դասավանդող ուսուցչի աշխատավարձի չափը պայմանավորված է դպրոցի աշակերտների թվով, միջին խտությամբ, հարաբերակցությամբ: Կա ֆինանսավորման հաստատված բանաձեւ` ըստ աշակերտների թվի: Մանկավարժական աշխատողի՝ դասարանի միջին խտությամբ եւ աշակերտ-ուսուցիչ դրույքաչափ հարաբերակցությամբ հաշվարկած դրույքաչափը ՀՀ-ում կազմում է միջինը շուրջ 95.000 դրամ:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում աշխատում է 26 ուսուցչուհի և միայն 1 ուսուցիչ:

Նա՝ Արմեն Ղարդյանը,
ռազմագիտություն է դասավանդում: Համոզված է, որ տղամարդկանց թիվը դպրոցում ավելի մեծ կլիներ, եթե ուսուցիչը ավելի շատ վարձատրվեր:
Քննարկում «Թեմայի» տաղավարում
Պատկերը, Արուսյակ Հովհաննիսյանի կարծիքով, կփոխվի, եթե տղամարդկանց համար որոշակի արտոնություններ սահմանվեն՝ ավելի բարձր աշխատավարձ, զիջումներ հարկային դաշտում, զինծառայության ոլորտում:
Արուսյակ Հովհաննիսյան
ՀՊՄՀ մասնագիտական կրթության և կիրառական
մանկավարժության ամբիոնի դոցենտ
«...Ժամանակին մանկավարժությունը առաքելություն էր, այսօր դարձել է մոդայիկ մասնագիտություն, որով զբաղվում են կանայք ու աղջիկները: Դաստիարակության, կրթության ասպարեզից տղամարդը օտարված է. երեխային դաստիարակում է մայրը, մանկապարտեզում՝ դաստիարակչուհին, դպրոցում սովորեցնում է ուսուցչուհին, հետո գալիս է բուհ՝ ու դարձյալ կանայք»:
Աղջիկների հոսքը մանկավարժության ոլորտ, ըստ ԿԳՆ ներկայացուցչի, առավելապես պայմանավորված է հոգեբանությամբ և հայկական ավանդույթներով: Տղամարդ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը, նրա կարծիքով, կարող է առաջ բերել մի նոր քննարկում՝ արդյո՞ք նպատակահարմար է աշխատանքային նույն, հավասար պայմանների պարագայում սեռերից մեկին արտոնություն տալը:
Արմենուհի Պողոսյան
ԿԳՆ ՄԿՈւ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda